Աֆղանստանի քաղաքներից մեկի բնակիչներին կոչ են արել հեռանալ՝ «Թալիբանի» դեմ նախապատրաստվող գործողություններին ընդառաջ

17:59 • 03.08.21

Պաշարման մեջ գտնվող աֆղանական քաղաքի բնակիչներին կոչ են արել հեռանալ քաղաքից բանակի՝ «Թալիբան» շարժման դեմ նախապատրաստվող գործողություններին ընդառաջ:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, գեներալ Սամի Սադաթը, որն առաջնորդում է ճակատամարտն՝ ընդդեմ «Թալիբանի» Հիլմենդ նահանգում, տեղի բնակիչներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ նահանգի մայրաքաղաք Լաշքարգահից:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին մեկ օրում ընթացող ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով Լաշքարգահում առնվազն 40 քաղաքացիական անձ է սպանվել: Հաղորդվում է, որ «Թալիբանը» գրավել է քաղաքի մեծ մասը:

Մարտերը, սակայն, շարունակվում են, և կառավարական ուժերը պայքարում են քաղաքը թալիբներին չհանձնելու համար:

Թալիբները վերջին մի քանի ամսում առաջխաղացում են գրանցել երկրի մի շարք շրջաններում: Արմատական շարժման գրոհայինների առաջխաղացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի՝ 20 տարվա ներկայությունից հետո Աֆղանստանից դուրս գալուն զուգահեռ:  

Աֆղանստանի քաղաքներից մեկի բնակիչներին կոչ են արել հեռանալ՝ «Թալիբանի» դեմ նախապատրաստվող գործողություններին ընդառաջ