Վահագն Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

18:26 • 04.08.21

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատրյանին (Խաչատուրյան) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,– ասվում է հրամանագրում:

Կենսագրություն

Ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

Աշխատանքային գործունեություն

1982-1992 թթ.- գիտա-մանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր,

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ,

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ,

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ,

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

 

 

Վահագն Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար