Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի դեմ պայքարի անհետացած ծրագիրը, որը կարող էր տասնյակ հազարավոր կյանքեր փրկել

21:21 • 05.08.21

Բրիտանիայում գտել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի մասին 16 տարի առաջ կորած ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է The Independent-ը:

Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և դրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:

«Ես բացարձակ տեղեկություն չունեմ, թե ուր է այն այդ ժամանակ անհետացել»,- խոստովանել է ծրագրի ստեղծողներից մեկը:

Պարբերականը նշում է, որ փաստաթղթում պարունակվում էին ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հանձնարարականները, ինչպես նաև խոսվում էր հիվանդների հետ շփումներին հետևելու և անհատական պաշտպանության միջոցների պաշարների ավելացման անհրաժեշտության մասին:

Բացի այդ, ծրագիրը պարունակում էր առանձին կետ վարակի տարածման սպառնալիքի և այդ սցենարից խուսափելու եղանակների մասին, օրինակ, շինությունների արդյունավետ ախտահանման և օդափոխության միջոցով:

«Փաստաթուղթը  անտեսվել էր: Մենք կարող էինք փրկել տասնյակ հազարավոր կյանքեր», - մեջբերում է պարբերականը երկրի կառավարության նախկին գլխավոր գիտական խորհրդատու Դևիդ Քինգին: