44-օրյա պատերազմի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանն այս իշխանությունը պետք է տա․ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է անկախ լինի, որ ամբողջական ուսումնասիրություն անի․ Սաղաթելյան (տեսանյութ)

11:10 • 05.08.21

«Ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման գաղափարը մենք հնչեցրել ենք վաղուց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, թե այդ հանձնաժողովը պետք է բազմաթիվ հարցերի պատասխան տա ոչ միայն պատերազմի շրջանի, այլև դրանից առաջ եղածի վերաբերյալ։

«Մենք կարևորում ենք՝ ինչ կարող էր անել իշխանությունն այդ պատերազմը կանխելու համար, որ չի արել, արդյո՞ք կանխատեսում էր պատերազմ, թե՞ ոչ, եթե կանխատեսում էր, ինչո՞ւ չէր պատրաստվում։ Ես որքան գիտեմ՝ սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը «Հանրային» հեռուստաընկերությունում հարցազրույցի էր, դրա անոնսից հետո այն եթեր չգնաց․ արդյո՞ք ինքն այդ օրը գիտեր, որ երկու օր հետո լինելու է պատերազմ։ Անոնսից երևում էր, որ ինքն այդ հարազրույցում պետք է պատասխաներ Ալիևին ու խոսեր հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին»,-ասաց նա՝ ընդգծելով, թե նման բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանն այս իշխանությունը պետք է տա։

«Այդ հանձնաժողովը պետք է լիազորված լինի անկախություն ունենալ և ամբողջական ուսումնասիրություն անել, եթե չունենա, կարող է շեղել հարցի բուն էությունը։ Այս պատերազմի, դրա արդյունքների մեղավորն ու պատասխանատուն համարում ենք այսօրվա իշխանությանը»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Դիտարկմանը, թե պետական դավաճանության մասին հաղորդումներ էին ներկայացվել, Սաղաթելյանն արձագանքեց, թե դրանց մի մասը մերժվել են, իսկ դրանցից մեկի դատը հենց հիմա ընթանում է, քանի որ բողոքարկվել է Դատախազության որոշումը։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկու՞մ են իրենց աշխատանքների ընթացքը, Սաղաթելյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, թե պարբերաբար և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ քննարկումներ են ունենում։

Սաղաթելյանը նաև ընդգծեց՝ ԱԺ պատմության մեջ առաջին անգամն է, որ արդեն 4-րդ օրն է՝ դեռ ԱԺ նախագահություն ձևավորված չէ։ Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Իրենց ասած օրենքի դիկտատուրան բլեֆ է՝ ժողովրդին մոլորեցնելու համար, աշխարհում նման բան չկա․ երկրում պետք է լինի օրենքի և իրավունքի գերակայություն, և օրենքը հավասար լինի բոլորի համար․ այդ պարագայում այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ այս պահին կլինեին բանտում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

44-օրյա պատերազմի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանն այս իշխանությունը պետք է տա․ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է անկախ լինի, որ ամբողջական ուսումնասիրություն անի․ Սաղաթելյան (տեսանյութ)