Մենք չենք կարող գործակցել մի քաղաքական ուժի հետ, որին դավաճան գնահատականն ենք տվել. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

11:20 • 05.08.21

Ընդդիմադիր ուժերս խորհրդարանական ձևաչափն օգտագործելու ենք լիարժեքորեն ներկայացնելու մեր մտահոգությունները, քաղաքական գնահատականը այն ողբերգությանը, որը կատարվել է ՀՀ-ում, և պարտության խորհրդանիշն այսօր քաղաքական մեծամասնությամբ նստած է խորհրդարանում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ն ծանրագույն վիճակում է, անվտանգային մարտահրավերի, ինքնիշխանության կորստի առջև է կանգնած․ «Մեր հիմնական առաքելությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամեն ինչ անել՝ կասեցնելու մեր պետականության կոլապսը և կորուստը»,-նշեց նա։

Ըստ Գալստյանի՝ թեև իշխանությունը խոսում է երկխոսության մասին, բայց նրանց վարքականոնը բոլորովին այլ է։

«Քաղաքական հետապնդումներն այս օրերին շարունակվում են մեր քաղաքական համախոհների նկատմամբ, լսում ենք խոսույթ՝ «բնում խեղդելու» մասին։ Շատ լավ կլինի, եթե կարողանանք քաղաքական երկխոսությունը քաղաքակրթության շրջանակում ապահովել։ Մենք գնահատական ենք տվել՝ սա հայրենադավության, հայրենազրկումի քաղաքականություն է, ոնց կարելի է կոնստրուկտիվ դաշտում լինել մի քաղաքական ուժի հետ, որը պարտության խորհրդանիշ է, ես համոզվում եմ, որ նաև դավադիր ծրագրեր են եղել։ Այն, ինչ կատարվեց ՀՀ-ի, մեր պետականության հետ, միանշանակ պետք է նաև իրավական գնահատականի արժանանա։ Այս քաղաքական ուժի հետ ՀՀ-ն ապագա չունի, մենք չենք կարող գործակցել մի քաղաքական ուժի հետ, որին դավաճան գնահատականն ենք տվել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մենք չենք կարող գործակցել մի քաղաքական ուժի հետ, որին դավաճան գնահատականն ենք տվել. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)