Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին

11:09 • 05.08.21

Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման ավելի քան 300 զինյալի, ինչի մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Թալիբան»-ի 303 ահաբեկի սպանվել է, 125-ը՝ վիրավորվել անցած օրվա ընթացքում Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,-ասվում է պաշտպանության նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են անցկացրել 16 նահանգներում, այդ թվում՝ Ղանդահարում, Հերաթում, Նիմրոզում և Գիլմենդում:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավելի քան 300 թալիբի ոչնչացման մասին