Բաժանում չի լինում. Մանվել Ջավադյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (տեսանյութ)
Շարքային Մանվել Ջավադյանը զոհվել է պատերազմի 42-րդ օրը. կռվել է մինչև վերջ ու ընկել հերոսի մահով բառի բուն իմաստով. հարազատները պատմում են՝ ծառայակից ընկերների հետ պայմանավորվել էին, որ ամեն գնով չեն լքելու դիրքը:
Ընտանիքի մտքով չէր անցնի, որ իրենց պրոֆեսիոնալ պարող որդին, բեմի օվացիաները թողած, պիտի արժանանար զինվորական պարգևների: Տղայի քսանամյակը նշեցին առանց հոբելյարի, բայց մայրն ասաց՝ բաժանում չի լինում: Հենց այսպես էլ վերնագրել է որդուն նվիրված գիրքը:
Տղայի 20-ամյակի օրը ընտանիքն անակնկալ էր սպասվում. Մանվել Ջավադյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
Հարազատներն ասում են՝ սփոփվում են պատերազմի ընթացքում տղայի մոտ եղած իրերով, իսկ տեսախցիկը նկատում է նրա մանկության ընկերներին հատուկ տարբերանշանով շրջելիս. բացատրեցին՝ այն Մանվելն է ստեղծել, որտեղ ժամանակին տեղավորել էր իր անվան բոլոր տառերը. հիմա այն դարձրել են կրծքանշան, որ սրտին մոտ պահեն իրենց Մանվելին:
Մանրամասները՝ տեսանյութում:










