Քաբուլը վստահ է, որ կարող է կասեցնել թալիբների առաջխաղացումը

20:41 • 06.08.21

Աֆղանստանի կենտրոնական իշխանությունները վստահ են, որ կարող են կանխել «Թալիբան» արմատական շարժման ուժի վերահսկողությունը, գրում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ այս մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Գուլյամ Իսխաքզայը՝ այս երկրում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո:

«Մենք վստահ ենք մեր զինված ուժերի՝ դա անելու ունակության վրա», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Դիվանագետը հավելել է, որ Աֆղանստանի կառավարությունը մինչև տարեվերջ անվտանգություն ապահովելու ծրագիր ունի: Քաբուլը համագործակցում է նաև տեղական համայնքների հետ ՝ նրանց աջակցությունը ձեռք բերելու թալիբների դեմ պայքարում:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները և հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաև մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: