«Բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի». Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին (լուսանկարներ)
Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերի ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել, ինչի մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net-ը:
«Վերջին օրերը մեր երկրի համար ամենադժվար օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում: Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մենք բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի բոլոր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար են մարվում», - ասել է կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից:
«Այսօր ես հաստատեցի 500 միլիոն եվրո լրացուցիչ բյուջե հատուկ տուժած շրջանների համար: Եվ անհրաժեշտության դեպքում կլինի լրացուցիչ եվրոպական օգնություն», - ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Հունաստանում տաս օրվա ընթացքում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար անտառ: Հրդեհի դեմ պայքարում են ավելի քան հազար հույն հրշեջներ, որոնց միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի փրկարարները:














