Թուրքմենստանում քաղաքացիներից պահանջել են VPN-ից հրաժարվելու մասին երդում տալ Ղուրանի վրա. լրատվամիջոցներ
Թուրքմենստանը նոր պահանջներ է ներկայացրել այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ինտերնետ կապն անցկացնել տներ: Չափանիշների թվում է Ղուրանի վրա երդումն առ այն, որ VPN չի օգտագործվի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թուրքմենստանն աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, որտեղ շարքային քաղաքացիների ինտերնետ հասանելիությունը լրջորեն սահմանափակված է: Աղբյուրը մեջբերում է երկրի բնակչուհու խոսքը, որն արդեն մեկուկես տարի փորձում է ինտերնետ կապ անցկացնել տանը:
Նա ասել է, որ երբ եկել է միանալու ժամանակը, իրենից պահանջվել է երդվել մահմեդական սուրբ Ղուրանի վրա, որ ինքը չի օգտվի VPN ծառայություններից:
«Իսկ առանց VPN-ի, ոչ մի կայք չի կարող բացվել ինտերնետում: Ես նույնիսկ չգիտեմ ինչ անել», - պարզաբանել է ռադիոկայանի զրուցակիցը:
ԶԼՄ-ները միաժամանակ նշում են, որ եղել են այլ դեպքեր, երբ թուրքմեն պաշտոնյաները բնակչությունից պահանջել են նման երդում տալ:
Թուրքմենստանի կառավարությունը նախկինում սահմանափակել էր քաղաքացիների համար սոցիալական ցանցերը: Չկա տեղեկատվության պաշտոնական հաստատում, որ այժմ երկրի բնակիչները պետք է երդում տան ինտերնետին միանալիս:










