Լիտվայում հղի արտասահմանցի կնոջը գցել են Բելառուսի հետ սահմանին
Լիտվայի սահմանապահները անգիտակից վիճակում գտնվող հղի կնոջը գցել են Բելառուսի հետ սահմանին, Մինսկում միջադեպը դիտվել է որպես անձին դիտավորյալ վտանգի տակ թողնել՝ առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու հնարավորության, երեքշաբթի հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լիտվացիները հղի օտարերկրյա կնոջն անգիտակից վիճակում գցել են սահմանային գծի վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երեքշաբթի կեսօրին Սմորգոնի սահմանային «Պոլեսյե» անցակետում գրանցվել է տասը անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ երեք երեխա. բոլորը Լիտվայի կողմից բռնի ուժով վտարվել են Բելառուսի հետ սահմանային գոտի: Ֆիքսված կադրերում հստակ երևում է, թե ինչպես են լիտվացի սահմանապահներն անգիտակից հղի կնոջը լիտվական կողմից տեղափոխում սահմանային գիծ և թողնում այնտեղ:
Կնոջ վիճակը «գնահատվում է ծանր»: Բացի այդ, հայտնի է, որ Լիտվայում կնոջ հետ երեք երեխա է եղել, որոնք նույնպես տեղափոխվել են բժշկական հաստատություն` հետազոտության:
Լիտվան վերջերս հայտարարել է Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի ավելացման մասին, այս կապակցությամբ երկրի իշխանությունները հուլիսի 2-ին հայտարարել են ծայրահեղ իրավիճակի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ տարեսկզբից Լիտվայում Բելառուսի հետ սահմանին ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ է ձերբակալվել:
Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկն այլևս չի զսպի ԵՄ երկրներ ձգտող անօրինական միգրանտներին, քանի որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով «ո՛չ գումար կա, ո՛չ էլ ուժ»:










