Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանը միգրանտների հոսքի պատճառով
Լեհաստանը միգրանտների չդադարող հոսքի պատճառով միջոցներ է ձեռնարկում Բելառուսի հետ սահմանը ուժեղացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հայտնել է երկրի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը:
«Եթե խոսքը վերաբերում է Բելառուսի հետ սահմանին, ապա այնտեղ գործողություններ են ձեռնարկվում, որպեսզի այն առաջվանից ավելի շատ անվտանգ դարձնեն: Ի հայտ են գալիս միտումներ, որոնք ավելի վաղ չէին դիտվել, եթե խոսենք սահմանի անցումների մասին»,-ասել է Մյուլլերը:
Լեհ սահմանապահների տվյալներով՝ տարվա սկզբից իրենք բռնել են ավելի քան 870 անօրինական միգրանտների, որոնք փորձել են հանրապետության տարածք թափանցել Բելառուսից: Անցյալ ողջ տարվա ընթացքում ձերբակալվել է 122 մարդ:










