ԱՄՆ-ն հայտնել է Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների աննախադեպ թվի մասին
Աննախադեպ թվով միգրանտներ փորձում են հատել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեր առջև հարավային սահմանի անցակետերում ծառացել է աննախադեպ թվով միգրանտների հետ կապված խնդիրը»,-ասել է Մայորկասը, որի խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Իրադրությունը սահմանին ամենաբարդ մարտահրավերներից մեկն է մեզ համար: Բարդ իրավիճակ է, այն մշտապես փոխվում է և գլոբալ համակարակի ֆոնին ազդում դժվարին իրադրությունների մեջ հայտնված մարդկանց վրա»,-նշել է նա: Նրա խոսքով՝ այդ ցուցանիշի աճը պայմանավորված է մի քանի պատճառներով, մասնավորապես, «պայմանների վատթարացումը նրանց հայրենի երկրում, այդ թվում՝ աղքատությունը, բռնության աճը և կոռուպցիան»: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալների համաձայն, հուլիս ամսին գրանցվել է մարդկանց՝ Մեքսիկայի հետ սահմանը հատելու և ԱՄՆ մուտք գործելու ավելի քան 200 անօրինական փորձ:
Մայորկասն այս շաբաթ այցելել Է Տեխաս եւ հանդիպում ունեցել նահանգի պաշտոնատար անձանց հետ, որոնք քննադատել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտեցումը Մեքսիկայի հետ սահմանի խնդիրների լուծման հարցում: Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Բայդենը հրաժարվել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի միգրացիոն կոշտ մոտեցումից: ԱՄՆ-ի նախկին ղեկավարը քանիցս զայրացել է այդ հարցի շուրջ Բայդենի գործողություններից և նշել, որ հարյուր հազարավոր մարդիկ թափանցում են ԱՄՆ, ներառյալ հանցագործները, իսկ գործող նախագահը ոչինչ չի անում դա կասեցնելու համար:










