«Թալիբան»-ը հայտարարել է Աֆղանստանում ևս 5 նահանգի գրավման մասին

12:11 • 13.08.21

«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 13-ին հայտարարել է Աֆղանստանի ևս հինգ նահանգների գրավման մասին, հայտնում է իրանական Fars գործակալությունը Twitter-ում: 

Խոսքը Հերաթ, Բադղիս, Գոր, Հելմանդ և Կանդահար նահանգների մասին է: Միևնույն ժամանակ, Աֆղանստանի կառավարությունը չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Մինչդեռ, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա զեկույցում հաղորդում է օրվա ընթացքում 202 թալիբ գրոհայինների ոչնչացման մասին:

Օգոստոսի 12-ի դրությամբ թալիբները գրավել են Աֆղանստանի նահանգների տասնյակից ավելի կենտրոններ, այդ թվում՝ երկրի ամենամեծ քաղաքները՝ Կանդահարն ու Հերաթը:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: