«Գալիս են բոլոր կողմերից». թալիբները մտել են Քաբուլ. ԱՄՆ-ն տարհանում է իր դեսպանատունը. Reuters

13:31 • 15.08.21

ԱՄՆ-ն սկսել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իր դեսպանատան տարհանումը, որոշ դիվանագետներ արդեն լքում են քաղաքը, Reuters-ին հայտնել է աղբյուրը: 

«Մինչ մենք խոսում ենք, մարդկանց մի փոքր խումբ է տարհանվում, աշխատակիցների մեծ մասն արդեն պատրաստ է հեռանալ ... Դեսպանատունը շարունակում է գործել», - ասել են գործակալությանը:

Գործակալությունը նշում է, որ թալիբերն արդեն մտել են Քաբուլ: Բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ թալիբները գալիս են «բոլոր կողմերից», սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:


Այս տեղեկությունը ստացվել է այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազարի Շարիֆ քաղաքի, ինչպես նաև Քաբուլ տանող ճանապարհի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Ջալալաբադի վրա:

Օգոստոսի 13-ին Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները սկսել են լրացուցիչ ուժեր տեղափոխել Աֆղանստանի մայրաքաղաք՝ դեսպանությունը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը:

Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:

«Գալիս են բոլոր կողմերից». թալիբները մտել են Քաբուլ. ԱՄՆ-ն տարհանում է իր դեսպանատունը. Reuters