ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը արշավ է սկսել իր երկու կոլեգաների նկատմամբ, որոնք այնպես չեն քվեարկել, ինչպես ինքն է ցանկացել. Հ2-ի փոխտնօրեն (տեսանյութ)
Երևանյան սլոթի փակ քվեարկության և ՀՌԱՀ-ի անդամների քվերակության վերաբերյալ հուլիսի 4-ից մինչև այսօր տեղի են ունեցել որոշակի գործողություններ և բացահայտումներ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմայի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին, ասաց Հ2-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը;
«Ես առանձնացրել են մի շարք խնդիր, որոնցից առաջինը իրավական խնդիրներն են: ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, որը վերաբերում է տեսալսողական մեդիային, սահմանում է, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է անդամների փակ քվեարկության միջոցով: Այսինքն՝ օրենքի ուղիղ պահանջ կա, որ այս քվեարկությունը պետք է լինի փակ, և որևէ մեկը չպետք է իմանա՝ ով ինչպես է քվեարկել: Միայն այն հանգամանքը, որ այս քվեարկությունը եղել է բաց, պետք է հիմք լինի, որ այս մրցույթը ճանաչվի անվավեր»:
Սուլթանյանի կարծիքով՝ խախտվել է բազմակարծության սկզբունքը, քանի որ պատրաստված ռեպորտաժի մեջ ՀՌԱՀ նախագահը անդրադարձել է մրցույթին մասնակցող «Հ2» հեռուստաընկերության ղեկավարներին և «Փաստինֆո» գործակալությանը, որին պատասխանելու կամ անդրադարձելու հնարավորություն իրենց չի տրվել:
«Հաջորդ խնդիրը, որ առկա է, ռեպորտաժում փաստական անճշտություններն են: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության կողմից որևէ ծավալուն մոնիթորինգ, ինչպես նշվում է ռեպորտաժի մեջ, չի իրականացվել: Իրենք վերցրել են ՀՌՀ որոշումը, որը հասանելի է բոլորին և արտատպել են այն»:
Անդրադառնալով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն խոսքին, որ հանձնաժողովի 2 անդամները նպատակ են ունեցել հանրային հեռարձակողին զրկել սփռման հնարավորությունից, Սուլթանյանը նշեց,
«Խոսքը չի եղել Հանրային հեռուստատեսության գլխավոր ալիքի մասին, այլ Հանրային հեռուստաընկերության մայրաքաղաքային սփռման նոր ալիքի մասին, որը դեռ գոյություն չի ունեցել և չուներ եթեր, որից պետք է զրկեին»:
Սուլթանյանի խոսքով՝ Տիգրան Հակոբյանը նենգափոխել և կոնտեքստից կտրված է ներկայացրել իր խոսքը՝ կապված ասուլիսի ժամանակ Հ2-ի հեռարձակման համար իրենց նախատեսվելիք գործողություններին:
«Տիգրան Հակոբյանի կողմից հնչեցված կարծիքները՝ հանձնաժողովի անդամներ Դավիթ Ամալյանի և Արմեն Մկրտչյանի նկատմամբ, ոչ թե օբյեկտիվ գործողություններն են, այլ արշավ է այս երկու մարդկանց նկատմամբ, որոնք ենթադրաբար չեն քվեարկել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Տիգրան Հակոբյանը, ով իր կոլեգաների նկատմամբ, որոնք երկուսն էլ պատերազմի մասնակից են, այս տեսակի արշավ կազմակերպելը ինչ բարոյական արժեհամակարգ պետք է ունենա»:
Սուլթանյանը այն կարծիքին է, որ այն փաստը, որ քվեարկությունը եղել է բաց, և դա որոշակի ազդեցություն է ենթադրել հանձնաժողով անդամների վրա:
«Մենք կարծում ենք, որ որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, քվեարկությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվեր և ապա հետո պատշաճ կերպով որոշումը հիմնավորվեր»,- ասաց Հ2-ի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:
Հիշեցնենք , որ Հ2-ի ղեկավարությունը բողոքարկել է հուլիսի 4-ին կայացած երևանյան սլոթի լիցենզիայի մրցույթի արդյունքները, դատարանը վարույթ է ընդունել գործը:










