«Բոլորդ դարձել եք հայրենասեր, մենք էլ էստեղ Սևան ենք ծախում»․ թեժ քննարկումից հետո ընդունվեց Սևանից ջրառ կատարելու նախագիծը (տեսանյութ)

11:00 • 17.08.21

Այսօր Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 64 կողմ ձայնով։ Նախագծին դեմ էր քվեարկել 19 պատգամավոր, ձեռնպահ՝ մեկ։

Ընդդիմադիր պատասխանների ելույթները բորբոքեց զեկուցող Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանին, ով իր ամփոփիչ զեկույցում արձագանքեց դրանց։ Մասնավորապես «Հայաստան» դաշինքից Թադևոս Ավետիսյանը նշել էր, որ տրամաբանությունն այն է, որ եթե Սևանից չտան, որտեղից տան․ «Այս տրամաբանությամբ շարունակելով, որ եթե ջուրը տվեցիք Սևանից, մի օր էլ Սևանը չեղավ, ոնցոր հիմա, օրինակ, Հադրութն ու Շուշին, այս պարագայում հետո ո՞ւմից պետք է ջուր վերցնեք և ում մեղադրեք»։

Կարեն Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 28–ից եղել է ռազմի դաշտում, իսկ նոյեմբերի 13–ին հետ է վերադարձել։ «Երբ այն ժամանակ դուք վախենում էիք Քարվաճառով մտնեիք, որովհետև երկու ճանապարհները ռմբակոծում էին, ես իմ անձնական մեքենայով վիրավորների և զոհվածների էի հանում Քարվաճառից, ի՞նչ հանձնելու մասին եք խոսում։ Իմ ընտանիքում ես առաջին պատերազմում կորցրել եմ հորեղբոր տղա, 2014 թվականին այն դիվերսանտները, որոնք գնացին, մեր գերիները հետ եկան տուն, իմ եղբոր՝ մայոր Աբրահամյանին սպանողներն էին, բայց մենք համաձայն ենք եղել, որ այդ նույն դիվերսանտները գնան, ու մեր գերի ընկերները գան տուն։ Այս պատերազմին հորեղբորս թոռն է զոհվել,  էդ ինչի՞ մասին եք խոսում, սաղդ դարձել եք հայրենասեր, մենք էլ էստեղ Սևան ենք ծախում, չգիտեմ՝ ինչ ենք անում»,–ասաց նա։

Նա ուշադրություն  հրավիրեց հանգամանքին, թե նախկինում որքան ջուր էին վերցնում, և հիմա որքան, որին ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը թվերով ներկայացրեց 2018 թվականի ցուցանիշները, և նշեց, որ դա ցույց է տալիս կառավարման անարդյունավետությունը։

Վարման կարգով Հայկ Մամիջանյանը կոչ արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, որ նա Կարեն Սարգսյանին  ծանոթացնի, թե ինչ ոճով և ինչ հռետորաբանությամբ են խոսում ԱԺ պատգամավորների հետ, քանի որ խոսքը առաջնային մանդատ կրող միակ կառույցի մասին է։ «Այս հռետորաբանությունն անընդունելի է»,–ասաց նա։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց բոլորին մնալ կոռեկտ հռետորաբանության մեջ։ Դահլիճում տեղից արձագանքներ էին հնչում, միմյանց մանիպուլյացիաների մեջ մեղադրում, և Ռուբեն Ռուբինյանը պարբերաբար լռության կոչ էր անում։

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ զեկուցողը որպես պետական պաշտոնյա է հանդես գալիս, ոչ թե քաղաքական գործիչ և չպետք է ունենա քաղաքական ելույթներ։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ խորանարդ, ինչը անհրաժեշտ է հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մեղմելու համար; Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ խորանարդ: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար։

 

«Բոլորդ դարձել եք հայրենասեր, մենք էլ էստեղ Սևան ենք ծախում»․ թեժ քննարկումից հետո ընդունվեց Սևանից ջրառ կատարելու նախագիծը (տեսանյութ)