«Չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում». «Թալիբան»

14:52 • 17.08.21

«Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել է Շահինը, որի խոսքը մեջբերում է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել է, որ «հենց այդ պատճառով է «Թալիբան»-ը ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ազգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբան»-ի ղեկավարության հետ երկրում խաղաղության և կայունության հասնելու շուրջը:

Քաբուլ թալբների մուտք գործելուց և երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով»:

«Չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում». «Թալիբան»