Գերմանիայում ԱՄՆ դիվանագետներից ոմանց մոտ «Հավանայի համախտանիշ» է ի հայտ եկել

15:41 • 18.08.21

Գերմանիայում առնվազն երկու ամերիկացի դիվանագետ բուժօգնության է դիմել այսպես կոչված՝ Հավանայի համախտանիշի ախտանշաններով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Աղբյուրի տվյալներով՝ դիվանագետները նշել են, որ վերջին ամիսներին սրտխառնոց են ունեցել, ինչպես նաև ուժեղ գլխացավեր, աղմուկ ականջներում, թուլություն, անքնություն: Նրանցից ոմանք չեն կարողացել աշխատել: ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ նման ախտանշաններ ամերիկյան անձնակազմի մոտ նկատվել են նաև այլ եվրոպական երկրներում, սակայն չեն մասնավորեցրել, թե որ:

New York Times-ը հուլիսին հայտնել էր, որ այս տարի առնվազն 20 ամերիկացի պետծառայող Ավստրիայի մայրաքաղաքում «անհբացատրելի առողջական խնդիրներ է ունեցել»:

Պարբերականի աղբյուրները չեն բացառել, որ ամերիկացի դիվանագետների, հետախուզության աշխատակիցների և այլ ծառայողների առողջության վատթարացման պատճառը դարձել է այսպես կոչված՝ «ուղղորդված էներգիայի» հնարավոր կիրառմամբ հարձակումները: Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն, իր հերթին, չի բացառել ՌԴ-ի կապը ամերիկացի դիվանագետների մոտ «Հավանայի համախտանիշի» ի հայտ գալու հետ, սակայն չի ցանկանում հապճեպ եզրակացություններ անել:

Հավանայի առեղծվածային համախտանիշն առողջական խանգարման և ինքնազգացողության վատթարացման տեսակ է, որն առաջին անգամ ի հայտ է եկել 2016 թվականին, երբ Հավանայում ԱՄՆ-ի դեսպանության մի աշխատկից վերոնշյալ ախտանիշներով դիմել էր բժիշկների օգնությանը: Հիվանդության պատճառն անհայտ է, թեև ոմանք կարծում են, որ դա տեղի է ունեցել ռադիոալիքային զենքի օգտագործմամբ գրոհի պատճառով:

Գերմանիայում ԱՄՆ դիվանագետներից ոմանց մոտ «Հավանայի համախտանիշ» է ի հայտ եկել