«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ

10:43 • 18.08.21

«Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներն «աշխարհին կներկայանան առանց գաղտնիության ստվերի»: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչներից մեկը:

Ինչպես նշվում է, շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն առաջին անգամ ներկայացել է լրագրողներին «Թալիբանի»՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թալիբանի» համահիմնադիր և փոխղեկավար Մուլլահ Բարադարը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Աֆղանստան: Վերջինս երկրից արտաքսված է եղել և 11 տարի առաջ ձերբակալվել էր հարևան Պակիստանում՝ երկրի անվտանգության ուժերի կողմից:

Վերջինս շարժման հայտնի անդամներից էր, երբ թալիբների ռեժիմն իշխում էր Աֆղանստանում, և նրա վերադարձը բորբոքել է մտահոգությունները, որ երկրի կառավարման նոր համակարգը կներկայանա որպես անցյալի հայելային պատկեր:

Հիշեցնենք, որ շարժման գրոհայիններն ակտիվ գործողությունների անցան երկրից ամերիկյան զորքերի դուրս բերմանը զուգահեռ և աստիճանաբար սկսեցին գրավել խոշոր քաղաքները, իսկ օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք Քաբուլ: Դրանից ժամեր անց նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական ներկայացրեց և հեռացավ երկրից:

«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ