Իտալիայի վարչապետը մտադիր է G20-ի արտահերթ գագաթնաժողով հրավիրել Աֆղանստանի հարցով  

10:00 • 19.08.21

 

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մտադիր է Մեծ քսանյակի (G20) արտահերթ գագաթնաժողով հրավիրել Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցին:

G20-ի նախապես ծրագրված գագաթնաժողովը կկայանա Հռոմում 2021 թվականի հոկտեմբերի 30-31-ը, սակայն ինչպես գրում է պարբերականը, ներկա պահին աշխատանքներ են տարվում աշխարհի առաջատար տնտեսական գերտերությունների քսանյակի անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ պայմանավորված «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանում իշխանության զավթմամբ:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: