Չինաստանում ընտանիքներին այսուհետ պաշտոնապես թույլատրվում է մինչև երեք երեխա ունենալ
Չինաստանի Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) մշտական հանձնաժողովը քաղաքացիներին թույլատրել է մինչև 3 երեխա ունենալ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, որոշումը կայացվել է օգոստոսի 20-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա:
Բնակչության և ծնունդների պլանավորման մասին օրենքում արվող փոփոխությունների համաձայն՝ երկիրը մտադիր է բնակիչներին քարոզել ամուսնանալ երիտասարդ տարիքում և երեխաներ ունենալ: Բացի այդ, պետությունը ֆինանսական, հարկային, ապահովագրական, կրթական և բնակարանային արտոնություններ է սահմանում երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների համար:
Տեղի իշխանությունները գործատուներին ևս կխրախուսեն, որպեսզի վերջիններս հավելյալ արձակուրդ տրամադրեն փոքր տարիքի երեխաներ ունեցող աշխատակիցներին:
Ընտանիքում մինչև երեք երեխա ունենալ թույլատրելու մասին որոշումը Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կայացրել էր դեռևս մայիսին:










