Պապան ծննդյանս օրը չեկավ. կապիտան Արա Պողոսյանի 3 երեխաները չեն հաշտվում հոր կորստի հետ (տեսանյութ)

22:57 • 20.08.21

Տեխսպասարկման վաշտի հրամանատար, կապիտան Արա Պողոսյանը զոհվեց կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից երեք օր հետո: Այդ դեպքի մասին գրեթե չի խոսվել: Քսան տարվա փորձառությամբ զինվորականն իր չորս մարտական ընկերոջ հետ որոշում է օգնել Բերձորի եկեղեցու հովվին, որ գույքն ապահով մեկ այլ վայր տեղափոխեն, քանի որ այն հանձնվող տարածքներում էր գտնվում. գործը նպատակին հասցրել են, բայց իրենք տեղ չեն հասել… Զարսլու գյուղում հայտնվել են թշնամու 80 հոգանոց զորքի շրջափակման մեջ, զենքերը վայր չեն դրել, չեն հանձնվել ու կռվել մինչև կյանքի վերջին րոպեն`գիտակցելով, որ ողջ մնալու շանս գրեթե չկան: 

Ամբողջ պատերազմի ընթացքում Արան պահել է Իջևանի դիրքերը, բայց րոպե առաջ ձգտել է Արցախ հասնել. մի քանի անգամ նրան մերժել են, բայց ի վերջո նոյեմբերի 1-ին ուզածին հասել է: Ճակատագրի հեգնանքով նա զոհվել է հենց կնոջ ծննդյան օրը` նոյեմբերի 12-ին: 

Արա Պողոսյանն արմատներով Արցախի Աշան գյուղից էր, երեք եղբայր էին, երեքն էլ պրոֆեսիոնալ զինվորական: Հինգ տարի կապիտանը դասախոսել է նաև Վազգեն Սարգսյան համալսարանում: Արան ապրիլյան քառօրյայի մասնակից էր: Հայրը պատմում է` որդին է վառելիք հասցրել Արցախ, իսկ հուլիսյան դիրքային մարտի ժամանակ նորից իր որդին է տեղափոխել զոհված հերոս տղերքի դիերը, բայց այս անգամ նա մնաց անօգնական: 

Կապիտանի զավակները` Մարսելը, Արմանն ու Մարիամը գիտակցում են կատարվածը, բայցև կարոտում են հայրիկին. ավագ որդին հիշում է հոր հետ ունեցած վերջին զրույցի դրվագները. «Ինձ ասաց, որ հանկարծ վատ բան պատահի, քո քրոջը, տատիկին տիրություն անես, ինձնից հետո դու ես տան մեծը: Էդ դեպքից հետո ինձ մոտ շատ բան ա փոխվել, քայլ անելուց առաջ մտածում եմ` ճիշտ կլիներ սենց անել, կուզեր պապան, որ այդպես անեի»,- ասում է 13-ամյա Մարսել Պողոսյանը:

Պողոսյանների տան ամենափոքր անդամը` Մարիամն էլ հիշում է` հայրիկը խոստացել էր ծննդյան տարեդարձի օրը տուն վերադառնալ մարտի դաշտից, բայց այդպես էլ չեկավ. «Միշտ աղոթք էինք անում, որ պապան գար, էդ վախտ հլը չգիտեինք, որ պապան զոհվել ա: Պապան ասել էր, որ իմ ծնունդին ինքը գալու ա տուն, հետո չեկավ, ես էլ զարմացել էի, որ չէր եկել, ինքը ասել էր, որ գալու է, բայց մայրիկիս ծննդյան օրը զոհվեց, չեկավ: Շատ էի նեղվել…»: 

Մանրամասները` տեսանյութում:


 

 

Պապան ծննդյանս օրը չեկավ. կապիտան Արա Պողոսյանի 3 երեխաները չեն հաշտվում հոր կորստի հետ (տեսանյութ)