Թալիբները խնդրել են ՄԱԿ-ին չհեռանալ Աֆղանստանից

11:18 • 20.08.21

«Թալիբան» ծայրահեղական շարժումը խնդրել է ՄԱԿ-ին մնալ Աֆղանստանում և շարունակել հումանիտար գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտարարել է երկրում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ռամիզ Ալաքբարովը:

Վերջինս ընդգծել է, որ կազմակերպությունը հստակ պայմանավորվածություն չունի թալիբների հետ: Ալաքբարովը հայտնել է, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակի և «Թալիբանի» միջև գործնական համագործակցությունը շարունակվում է 18 տարի:

«Մենք աշխատանքային կապեր ունենք: Նրանք մեզ միշտ վստահեցնում են աջակցության մասին: Նրանք մեզ կրկին աջակցություն են հայտնել և խնդրել են շարունակել հումանիտար գործունեություն իրականացնել»,- ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Թալիբները խնդրել են ՄԱԿ-ին չհեռանալ Աֆղանստանից