Քաոս և տագնապային իրավիճակ օդակայանում. բրիտանացի դեսանտայինները հուսահատորեն փորձում են վերահսկել Քաբուլից հեռանալ ցանկացող հազարավոր մարդկանց (տեսանյութ)

13:04 • 21.08.21

Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են Բրիտանիայի դեսանտային ուժերը հուսահատորեն փորձում վերահսկել իրավիճակը Քաբուլի օդանավակայանում, որպեսզի փրկարարական առաքելությունը չտապալվի՝ հազարավոր մարդկանց թողնելով այնտեղ:

Ինչպես երևում է հրապարակված կադրերից, օդանավակայանում բացմաթիվ մարդիկ են հավաքված, որոնք ցանկանում են հեռանալ երկրից, շուրջը քաոսային և տագնապային իրավիճակ է տիրում: Հեռանալ ցանկացողների թվում են ինչպես տեղացիներն, այնպես էլ Աֆղանստանում աշխատող ամերիկացիները:

Մինչ հարյուրավոր մարդիկ փորձում են առաջ անցնել և հասնել Քաբուլից հեռացող օդանավին, բազմաթիվ կանայք և երեխաներ են հայտնվում հրմշտոցի կենտրոնում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, իր հերթին, հայտնել էր, որ մարդկանց տարհանումն Աֆղանստանից պատմության «ամենաբարդ ավիափոխադրումն» է, և ինքը չգիտի, թե ինչով այդ ամենը կավարտվի:

Բայդենը նախատեսում էր Աֆղանստանում գտնվող բոլոր ամերիկացիներին տարհանել մինչև օգոստոսի 31-ը:

Նախօրեին տեղի աղբյուրները հայտնում էին, որ «Թալիբան» շարժման անդամներն արգելափակում են Քաբուլի օդանավակայանի մուտքը՝ թույլ չտալով աֆղաններին հեռանալ երկրից:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:

Քաոս և տագնապային իրավիճակ օդակայանում. բրիտանացի դեսանտայինները հուսահատորեն փորձում են վերահսկել Քաբուլից հեռանալ ցանկացող հազարավոր մարդկանց (տեսանյութ)