Քաղաքապետը մի օր գալու է «Ֆիզգոռոդոկ» և ներողություն է խնդրելու բնակիչներից. «Ֆիզգոռոդոկի» բնակիչները հանդիպում են ունեցել քաղաքապետարանում (տեսանյութ)

15:00 • 23.08.21

Վերջին տարիներին գիշերները տարածքում թունաքիմիկատներ են լցրել, որպեսզի տարածքը չորանա, ամայանա և հիմք հանդիսանա կառուցապատման ծրագրերի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակից «Ֆիզգոռոդոկի» բնակչներից մեկը:

«Այս պահին կա 12 հարկանի շինության կառուցապատման նախագիծ: Մենք՝ քաղաքացիներս, բացահայտել ենք բազմաթիվ կեղծիքներ, որն իրականացրել է այդ, այսպես կոչված, բարեխիղճ կառուցապատողը: 2.5 տարի է բնակիչները բացահայտում են այդ կեղծիքները, ընթացքի մեջ կա 4 դատական գործ՝ կառուցապատողի դեմ ներկայացված, Կադաստրի հետ կապված գործ կա, քանի որ Կադաստրը որոշակի տվյալներ է թաքցրել, քաղաքապետարանն է խիստ փակ գործում: Ավագանին մեզ հետ այս ընթացքում կապի մեջ է եղել, կազմակերպել որոշ հանդիպումներ: Քաղաքապետը, սակայն, խուսափել է հանդիպել, 2.5 տարի նա ոչ նամակներին է պատասխանել, ոչ էլ հանդիպել է մեզ հետ»: 

Քաղաքացիների համար անհասկանալի է, ինչու քաղաքապետը չի հանդիպում իրենց հետ, բայց փոխարենը բամաթիվ հանդիպումներ է ունեցել կառուցապատողի հետ:

«Օրերս՝ հուլիսի 19-ին մեզանից թաքուն քաղաքապետը տվել է շինթույլտվություն, հաջորդ օրը կառուցապատողը եկել է և սկսել փորման աշխատանքները: Սա վտանգավոր է նրանով, որ եթե իրենք մտան ներս ու սկսեցին փորել տարածքը, իրենք կվերացնեն գոյություն չունեցող նկուղի փաստարկը: Կեղծիքների հիմքում այդ գոյություն չունեցող նկուղն է, եթե այդ տարածքը քանդվի, իրենք կարող են ասել, որ այդ նկուղը չի էլ եղել»:

«Ֆիզգոռոդոկի» բնակիչը նշեց, որ իրենց թաղամասը, ըստ որոշ տեղեկությունների, Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված ճնշումների ներքո հանվել է հուշարձանի կարգավիճակից:

«Մենք ունենք կանաչ տարածքի խնդիր, ունենք կեղծ հիմունքներով հանրային տարածքի զավթման խնդիր, հուշարձանայինի տարածքի աղճատման խնդիր, իսկ վերջին օրերին ականտես եղանք ոստիկանների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված ահաբեկչության: Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսեցին տեղից շարժվել: Շրջական միջավայրի նախարարության պահանջով աշխատանքները կասեցվել են, նախարարը ծանոթացել է փաստաթղթերին և տեսել է, որ կառուցապատման ծրագիրը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցել: Մեր բնակիչներից մի քանիսը իրավաբանի հետ հրավիրվել են քաղաքապետարան մեր պահանջը քննարկելու համար: Քաղաքապետը այսօր էլ ներկա չէ, բայց մենք վստահ ենք՝ նա մի օր գալու է մեր թաղամաս և ներողություն է  խնդրելու քաղաքացիներից»,- ասաց քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ֆիզգոռոդոկի» բնակիչներից մեկը:

Քաղաքապետը մի օր գալու է «Ֆիզգոռոդոկ» և ներողություն է խնդրելու բնակիչներից. «Ֆիզգոռոդոկի» բնակիչները հանդիպում են ունեցել քաղաքապետարանում (տեսանյութ)