Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ, այսօրվա իշխանությունների գործողություններին կլինի համապատասխան վերաբերմունք․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունցել «Հայաստան» խմբակցության հերթական նիստը, որին ներկա է եղել դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ տեղեկացնելով, որ քննարկվել է նաև խմբակցության անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշումը։
«Նիստի քննարկման հարցերն էին առաջիկա կազմակերպչական խնդիրները ՀՀ կառավարության ծրագրի ներկայացմանն առնչվող, և նաև մեր խմբակցության որոշ հարցեր, բայց խմբակցության աշխատանքի ընթացքում մենք տեղեկացանք, որ այօրվա իշխանությունները, դատական համակարգը հերթական խայտառակ մոտեցումը ցուցաբերեցին ընդդիմադիր ուժերի մեր խմբակցության, մեր գործընկերոջ ՝ վաստակավոր բժշկի Արմեն Չարչյանի նկատմամբ»,-մանրամասնեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը հակաօրինական է, նա ունի պատգամավորական անձեռնխելիություն, որպես պատգամավոր դրսևորում է պատշաճ վարքագիծ։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ սա մենիշխանության հաստատմանը միտված գործողություն է։
«Գտնում ենք, որ պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի։ Անկասկած, դաշինքի թե՛ ծրագրային, թե՛ ոչ ծրագրային գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










