ԱՄՆ ԿՀՎ տնօրենը գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբանի» քաղգրասենյակի ղեկավարի հետ. The Washington Post

16:14 • 24.08.21

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Քաբուլում գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Աբդուլլա Ղանի Բարադարի հետ: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:

Աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը կայացել է երկուշաբթի: Նշվում է, որ դա նման մակարդակի առաջին երկխոսությունն է ամերիկյան վարչակազմի և թալիբ առաջնորդների բարձրաստիճան ներկայացուցիչերի միջև:

Պարբերականը հիշեցնում է, որ ԿՀՎ-ն և պակիստանյան հատուկ ծառայությունները 11 տարի առաջ ձերբակալել էին հենց Բարադարին, որից հետո վերջինս 8 տարի անցկացրել է բանտում:

Ենթադրվում է, որ կողմերը քննարկել են ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից վերջնական դուրս բերման ժամկետները:

Հիշեցնենք, որ թալիբներն ավելի վաղ վերջնաժամկետ էին ներկայացրել ԱՄՆ-ին՝ մինչև օգոստոսի 31-ը դուրս բերել զորքերն Աֆղանստանից, այլապես համապատասխան արձագանք էին խոստանում:

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբանի» քաղգրասենյակի ղեկավարի հետ. The Washington Post