«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ շարժման տվյալներով՝ խաղաղության համաձայնագիրը Փանջշեր նահանգի հետ, որտեղ գտնվում են դիմադրության ուժերը, կկնքվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շփման մեջ ենք գտնվում է Փանջշերում մարդկանց հետ: Մենք բանակցություններ ենք վարում ազդեցիկ անձանց հետ: Բանակցությունները շուտով կլուծեն խնդիրն առանց պատերազմի: Ես 80 տոկոսով վստահ եմ, որ պատերազմելու անհրաժեշտություն չի լինի: Համաձայնագիրը կկնքվի առաջիկայում»,- ասել է Մուջահիդը:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:
Վերջին մի քանի օրում դիմակայություն է տեղի ունենում Փանջշեր նահանգում, որտեղ պաշարման էին անցել թալիբները:










