Արգենտինայի նախագահը 2 ամսվա աշխատավարձ կնվիրաբերի՝ հարթելու կարանտինի ժամանակ խնջույք կազմակերպելու շուրջ ստեղծված սկանդալը (լուսանկար)

12:09 • 27.08.21

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը որոշել է դատարան ներկայանալ՝ կարանտինի ժամանակ առաջին տիկնոջ ծննդյան տարեդարձի տոնակատարության հետ կապված սկանդալի պատճառով և որպես փոխհատուցում առաջարկել է երկու ամսվա աշխատավարձին հավասարազոր գումար նվիրաբերել հետազոտական նպատակներին: Այս մասինհայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն այսօր անձամբ՝ առանց փաստաբանի, ներկայացել է արդարադատության մարմինների առաջ՝ որպես փոխհատուցում առաջարկելու երկու ամսվա աշխատավարձի չափով գումար նվիրաբերել Մալբրանի ինստիտուտին, որը փոխանցվելու է 4 ամիս անընդմեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արգենտինայում սկանդալ էր ծագել լուսանկարների հրապարակման պատճառով, որոնք արվել էին նախագահական նստավայրում 2020 թվականի հուլիսի14-ին՝ առաջին տիկին Ֆաբիոլա Յանիեսի ծննդյան օրը: Լուսանկարում ամուսինները տասնյակ մարդկանց ընկերակցությամբ տոնախմբում էին, թեև երկրում այդ պահին խիստ կարանտինային միջոցներ էին սահմանված՝ համավարակով պայմանավորված:

Դատախազությունը գործով հետաքննություն է սկսել: Լուսանկարի հրապարակումից հետո նախագահը խոստովանել էր, որ կինը հյուրեր է հրավիրել իր ծննդյան տարեդարձին:

Արգենտինայի նախագահը 2 ամսվա աշխատավարձ կնվիրաբերի՝ հարթելու կարանտինի ժամանակ խնջույք կազմակերպելու շուրջ ստեղծված սկանդալը (լուսանկար)