Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, ինչի համար կտրամադրվի 25,7 մլն դրամ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) 2021 թվականի սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։
Այս մասին այսօր ընդունվեց կառավարության որոշում, որը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Այսպիսով` մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ, գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում (նախահաշիվը կցվում է), իսկ երկու տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին դրամական մրցանակները՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում, կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Նախատեսվում է գումարը ուղղակի դրամաշնորհի ձևով տրամադրել «Հատիս» սպորտային բարեգործական հիմնադրամին՝ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտադիր են ամեն տարի այսպիսի չորս մրցաշար իրականացնել՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ «Մարզական վաշտը փակվեց, և ճիշտ արեց, քանի որ իր նպատակին չէր ծառայում, այսինքն՝ ծառայությունից խուսափելու միջոց էր դարձել»,–ասաց նա և նշեց, որ հիմա բացում են, քանի որ համոզված են, որ չարաշահումները կբացառվի, և ԶՈՒ–ի համար շատ կարևոր է ունենալ բանակի տանիքի ներքո հանդես եկող թիմեր։










