Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին
ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները զեկուցել են երկրի նախագահ Ջո Բայդենին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում հասցված ավիահարվածի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Նախագահին տեղեկացրել են, որ Համիդ Քարզայի անվան օդանավակայանում աշխատանքը շարունակվում է առանց խափանումների: Նա հաստատել է հրամանը, որի համաձայն հրամանատարները պետք է բազմապատկեն ջանքերն առաջանահերթ առաջադրանքների կատարման համար և անեն ամեն անհրաժեշտ բան մեր քաղաքացիներին երկրում պաշտպանելու համար»,- ասվում է Փսակիի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերն առնվազն 5 հրթիռային հարված է որսացել երկուշաբթի առավոտյան Քաբուլի օդանավակայանի մոտակայքում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ զինուժն ավիահարվածներ էր հասցրել Քաբուլի օդանավակայանի հարևանությամբ գտնվող բնակելի տներից մեկի ուղղությամբ՝ վերացնելու համար մահապարտ ահաբեկչին, որը հարձակում էր նախապատրաստում:










