Տեղահանված քաշաթաղցիները պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

14:01 • 02.09.21

 

Տեղահանված քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում, քանի որ տան վարձավճարները թանկացել են, իսկ պետության տված գումարը չի բավականացնում։

«Առաջնահերթ խնդիր է տեղահանված բնակիչների բնակարանների հարցերի լուծումը, հետո կորցրած այգիների, մեքենաների փոխհատուցման հարցը։ Ինչպես մեզ, այնպես էլ օրինակ՝ Աբովյանում վատթար պայմաններում ապրող 20 ընտանիք տան տերերը  ժամանակ են տվել, որ ազատեն։ Ոչ ոք Երևանում տուն չի ուզում, պատրաստ են մարզերում ապրել, միայն թե իրենց բնակարանը լինի, որ դրսում չհայտնվեն։ Մոտ 10 հազար բնակիչը է տեղահանվել Քաշաթաղից, եթե չեմ սխալվում, մոտ 40 երիտասարդ ընտանիք Արցախի գյուղեր է տեղափոխվել »,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչը նաև տեղեկացրեց, որ իրականացնում են ստորագրահավաք Կառավարությանը ներկայացնելու համար։

Ակցիայի մասնակիցները ընդգծում էին, որ Արցախում իրենց այնպիսի հատվածներում են տներ առաջարկվում, որոնք թշնամու ուղիղ դիտակետում են, իրենց  անվտանգության երաշխիքներ չեն տրվում։

Ակցիայի մասնակիցներից մեկը ասաց՝ պետությունը 68 հազար դրամ օգնություն էր տալիս, որը վերացվել է, 30 հազար դրամ էլ հյուրընկալության համար է տրվել, որը հիմա մի մասին տալիս են, մյուս մասին՝ ոչ՝ տարբեր պատրվակներով:

«Տղաս 9 երեխա ունի, որից 5-ը դպրոցական են, երկուսը՝ ուսանող, երեկ սեպտեմբերի մեկն էր, իմ թոռնիկները դպրոց չեն հաճախել, հնարավարություն չունենք »,-ասաց նա։