ՀԴԲ-ն 5 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկում Աֆղանստանի ՆԳ նորանշանակ նախարարի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար. Al Arabiya

16:59 • 08.09.21

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության նոր կազմի մասին: Միջազգային հանրությունը դեռ չի մեկնաբանել երկրի կառավարության նոր կազմը: Բայց Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ զգուշությամբ հայտարարել են, որ թալիբներին կդատեն իրենց գործողություններով, այլ ոչ թե խոսքերով: 

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Աֆղանստանում կաբինետի անդամների նշանակման նկատմամբ վերաբերմունքը: Պետդեպը մտահոգություն է հայտնել երկրի ժամանակավոր կառավարությունում առանցքային պաշտոններում որոշ անձանց նշանակման կապակցությամբ: 

Ինչպես գրում է Al Arabiya-ն, Վաշինգտոնին մտահոգում է Սիրաջուդդին Հաքանիի նշանակումը Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Նրա ղեկավարած «Հաքանիի ցանց»-ն ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է:

Ինքը՝ Սիրաջուդդին Հաքանին, հետախուզման մեջ է, և ՀԴԲ-ն մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկում նրա ձերբակալությանը հանգեցնող ցանկացած տեղեկատվության համար: