Աֆղանստանում շարունակվում են բողոքները անհավասարության և նոր կառավարության դեմ

10:41 • 09.09.21

Աֆղանստանի քաղաքների փողոցներում երրորդ օրն անընդմեջ բողոքներ են անցկացվում անհավասարության և նոր կառավարության դեմ, որը ձևավորվել Է «Թալիբան» շարժման կողմից, և որի կազմում կանայք չեն ընդգրկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները ներկայացնում են սոցիալական ցանցերում տարածված տեսակադրեր, որտեղ պատկերված են աֆղանցի կանայք, որոնք դուրս են եկել Քաբուլի արևմտյան շրջանի փողոցներ՝ ի նշան առանց կանանց մասնակցության նոր կառավարության ձևավորման դեմ բողոքի: Կադրերում ցուցադրված Է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Կառավարությունն առանց կանանց ձախողված Է» արտահայտությունը:

Ոմանք պաստառներ Էին բռնել «Աշխատանք, կրթություն և ազատություն» մակագրությամբ: Ինչպես նշվում Է, բողոքի առանձին մասանակիցներ թալիբներին քննադատել են Փանջշերի նահանգը նվաճելու համար:

Մամուլի տվյալների համաձայն, խոշոր ԶԼՄ-ները դադարել են տեղեկացնել բողոքների մասին այն բանից հետո, երբ թալիբները ձերբակալեցին մի խումբ լրագրողների, որոնք սեպտեմբերի 7-ին լուսաբանում Էին Քաբուլում տեղի ունեցող ցույցն՝ ընդդեմ Աֆղանստանում Պակիստանի միջամտության: Զինյալները ֆիզիկական ուժ են կիրառել տեղի Etilaatroz հրատարակության առնվազն երկու լրագրողների նկատմամբ: 

ԶԼՄ-ները նշում են, որ օտարերկրացի լրագրողները նույնպես գտնվում են վտանգի մեջ: Այսպես, The Los Angeles Times հրատարակության թղթակից Նաբիհ Բուլոսը իր Twitter-ում գրում Է, որ թալիբները հրել գցել են իրեն ու իր լուսանկարիչ զուգընկերոջը և փորձել են ջնջել նյութերը, որոնք նկարահանվել են բողոքների ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: