ՀԱՊԿ երկրները հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության ռազմավարությունը  

15:44 • 09.09.21

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն, ընդհանուր առմամբ, հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համագործակցության ռազմավարությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ավարտին:

«Այս ռազմավարությունը նախապես հաստատվել է: Հետագայում կաշխատելու ենք և համաձայնեցման ամբողջական գործընթաց ենք իրականացնելու, ապա այս հարցը ներկայացնելու ենք երկրների ղեկավարների դիտարկմանը: Կփորձենք հաջորդ տարի որոշակի համաձայնեցված առաջարկներ պատրաստել»,- ասել է վերջինս:

Ինչպես նշել է Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Պանտուսը, գլխավոր հարցերից մեկը «կարգավորող իրավական դաշտի ներդաշնակեցումն է ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության առումով»: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ արտադրանքին, այդ հարցը գտնվում է մշտական վերահսկողության տակ», -ասել է բելառուս գործիչը: