Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կարողանում համաձայնության գալ ներգաղթյալների հարցով. ՄԹ-ն կոչ է արել հետ ուղարկել Լա Մանշի նեղուցով ժամանող ներգաղթյալների նավերը
Անգլիական նեղուցով (Լա Մանշ) միգրանտների տեղափոխող նավերը կարող են շրջվել նախքան Մեծ Բրիտանիա հասնելը: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի իշխանությունները տեղյակ են պահել երկրի սահմանային վերահսկողության ուժերին:
Ինչպես աղբյուրը հայտնում է, ներքին գործերի նախարար Փրիթի Փեթլը հաստատել է, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ ֆրանսիացի պաշտոնակցի հետ նեղուցով ներգաղթյալների անցումները կանգնեցնելուն ուղղված միջոցների հարցով:
Կողմերը ներգաղթյալների հետ կապված հարցով քննարկումներ են անցկացրել չորեքշաբթի: Սակայն, ինչպես տեղեկացրել է կառավարական աղբյուրը, նրանց չի հաջոցվել ընդհանուր հայտարարի գալ: Բրիտանական կողմը վճռական է ներգաղթյալների նավակները հետ դեպի Ֆրանսիա ուղարկելու հարցում:
Ֆրանսիան, իր հերթին, դեմ է այդ քայլին: Երկրի ՆԳ նախարար Ժերար Դարմանինը նշել է, որ «ծովում մարդկանց կյանքի անվտանգությունն առաջնահերթություն է»: Ֆրանսիական կողմի կարծիքով՝ բրիտանացիների քայլերը վտանգավոր են և խախտում են միջազգային ծովային օրենքը, որի համաձայն՝ ծովում վտանգի մեջ գտնվող մարդիկ պետք է փրկվեն:
Հաղորդվում է, որ շաբաթվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալ է հատել Անգլիական նեղուցը:










