ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ է արել «գլուխը հանել ավազից»

20:24 • 10.09.21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  նիստում կոչ է արել «ապագայի գագաթնաժողով» հրավիրել՝ խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերի վերաբերյալ նոր օրակարգի մշակման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը նշել է, որ  աշխարհը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այն սպառնալիքը, որը ներկայացնում են  համավարակը և կլիմայի արագ փոփոխությունը:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել սկսել նոր դարաշրջան և համարձակ տրանսֆորմացված քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով:

Գուտերեշը կոչ է արել նաև «գլուխը հանել ավազից» և պատրաստ լինել առերեսվել առողջապահության, ֆինանսների, կլիմայի ապագա ճգնաժամերին:

«Մեր ընդհանուր օրակարգի մասին իմ զեկույցի գլխավոր հանձնարարականներից մեկն այն է, որ աշխարհը պետք է միասին հավաքվի, որպեսզի քննարկի այս և այլ հարցերը ապագա բարձր մակարդակի գագաթնաժողովում: Այդ գագաթաժողովն ուղղված կլինի նոր գլոբալ կոնսենսուսի ձևավորմանը, թե ինչպիսին պետք է լինի մեր ապագան և ինչպես կարող ենք այն պահպանել», - ասել է նա:

Նրա խոսքով ՝ բարձր մակարդակի հանդիպումը պետք է ներառի նոր օրակարգ՝ հանուն խաղաղության, որը ենթադրում է գլոբալ անվտանգության ավելի համապարփակ և ամբողջական հայացք: