MI5-ի ղեկավարը նախազգուշացրել է նոր «սեպտեմբերի 11»-ի սպառնալիքի մասին

15:52 • 12.09.21

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մեծացրել է նոր ահաբեկչության իրականացման վտանգը, ինչպիսին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է բրիտանական հակահետախուզության (MI5) ղեկավար Քեն ՄակՔալումը։  Նրա խոսքը մեջբերում է The Times թերթը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, MI5-ի ղեկավարի կարծիքով, Վաշինգտոնի որոշումը «ոգևորել և ոգեշնչել» է իսլամական ծայրահեղականներին: Խոսքը ոչ միայն բարոյական ոգու բարձրացման մասին է, այլև ահաբեկիչների վերախմբավորման բարձր հավանականության մասին՝ ավելի բարդ հարձակումներ իրականացնելու նպատակով:

«...Ռիսկը, որ նրանք կվերաստեղծեն և կրկին մեզ կդնեն լավ մշակված բարդ դավադրությունների առջև, որոնց մենք բախվել ենք սեպտեմբերի 11-ին և հաջորդ տարիներին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ», - պարզաբանել Է ՄակՔալումը:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Ահաբեկչությունների հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել էր 2977 մարդ, որոնք 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ:

ԱՄՆ-ն Աֆղանստանում 20-ամյա պատերազմն ավարտել է օգոստոսի 31-ին և լքել  երկիրը, որտեղ իշխանությունն այդ ժամանակ գրավել է «Թալիբան» շարժումը, որին ամերիկացիները մեղադրում էին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևում կանգնած «Ալ Քաիդա»-ի առաջնորդներին թաքցնելու համար: