Հայկական կողմը սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիրքորոշումը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը. Ա. Միրզոյան

18:26 • 13.09.21

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, հանդիպման առանցքային թեման էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակը:

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակցիներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:  Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը սատարում է 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը, մասնավորապես՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։