Հռոմի պապն իր ելույթում մեջբերել է Դոստոևսկուն

11:47 • 13.09.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սլովակիա կատարած այցի ժամանակ մեջբերել է դասական գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից «Մեծ ինկվիզիտորը» առակը, գրում է vaticannews.va-ն:

Ֆրանցիսկոսը հանդիպել է տեղի էկումենիկ խորհրդի ներկայացուցիչների հետ: 

«Ձեր համայնքը տարիներ շարունակ ենթարկվել է աթեիստների հալածանքների, երբ կրոնական ազատությունը բախվել է մեծ մարտահրավերի: Պահպանվում է գայթակղությունը վերադառնալու կախվածությանը, ոչ թե ռեժիմից, այլ ստրկության ամենավատ տեսակից: Եվ դա այն է, ինչ նախազգուշացնում է Դոստոևսկին հայտնի «Մեծ ինկվիզիտորի լեգենդ»-ում»,-ասել է Հռոմի պապը՝ անդրադառնալով ազատ կամքի և խղճի մասին առակին, որում Հիսուսը վերադառնում է Երկիր և կրկին հայտնվում անազատության մեջ:

Այս առակում Ինկվիզիտորը մեղադրում է Հիսուսին մարդու ազատությունը գերագնահատելու համար և նշում, որ մարդիկ նախընտրում են իրենց ազատությունը փոխանակել «ավելի հարմարավետ ստրկության» հետ:

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չընկնել այս ծուղակը և ազատությունը չփոխանակել արտոնությունների հետ: 

Պապը նախկինում խոստովանել էր իր հատուկ վերաբերմունքը ռուս գրողների և, մասնավորապես, Դոստոևսկու նկատմամբ: Ըստ պոնտիֆիկոսի՝ «առանց Դոստոևսկու գրքերի, առանց գիտակցելու նրա փիլիսոփայության ամբողջ խորությունը, չեն կարող իսկական քահանա լինել»: