Թալիբներն Աֆղանստանի Կենտրոնական բանկին են փոխանցել նախկին փոխնախագահի տնից առգրաված գումարն ու ոսկին  

16:59 • 14.09.21

 

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները երկրի Կենտրոնական բանկին են փոխանցել նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը հայտաբերված գումարն ու ոսկին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին երեքշաբթի տեղեկացրել է տեղի լրատվական պորտալներից մեկը:

Հաղորդվում է, որ թալիբներն Աֆղանստանի կենտրոնական բանկին միլիոնավոր դոլարներ և ոսկե ձուլակտորներ են փոխանցել, որոնք առգրավել էին նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տնից:

Աղբյուրը նաև կադրեր է հրապարակել խուզարկությունից, որոնցում պատկերված են թղթադրամներով լի ճամպրուկների կողքին կանգնած զինված տղամարդիկ: Ճամպրուկներից մեկում էլ երևում են ոսկե սալիկները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փանջշեր նահանգում գտնվող Սալեհի նստավայրում մոտ 6,5 մլն դոլարին համարեք գումար և 15 ոսկե ձուլակտոր է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: