Մենք պատրաստ ենք բոլոր խաղերում ցույց տալ մեր «ատամները»․ «Սևան» ֆուտբոլային ակումբը և TotoGaming-ը պաշտոնապես դառնում են գործընկերներ

17:48 • 16.09.21

«Սևան» ֆուտբոլային ակումբը և TotoGaming-ը այսօր պաշտոնապես դառնում են գործընկերներ։ Այս մասին այսօր հայտարարվեց հրավիրված մամուլի ասուլիսին։

 

«Սևան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշեց, որ «Սևան»  ֆուտբոլային ակումբը վերջին տարիներին ցույց է տվել շատ մեծ պոտենցիալ, իսկ   TotoGaming ընկերությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հայկական սպորտի զարգացմանը։

«Բոլորս էլ երազում ենք, որ մի օր հայկական սպորտը հասնի մի այնպիսի մակարդակի, որ եվրոպական մրցաշարերում մեծ հաջողություններ ունենանք։ Սա պարզապես երազանք չէ, քանի որ TotoGaming-ը ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, և մենք պատրաստ ենք միշտ կանգնել հայկական սպորտի և մեծ պոտենցիալ ունեցող ակումբային սպորտսմենների կողքին»,-ասաց նա։

«Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանը ներկայացրեց՝ առաջարկը եղել է TotoGaming-ի կողմից, և     TotoGaming-ը դառնում է «Սևան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։

«Այդ առաջարկը եղել է՝ հաշվի առնելով, որ «Սևանը» առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանի պրեմիեր լիգայում, բավականին լուրջ առաջընթաց ունի, և TotoGaming-ը հույս ունի, որ այս առաջընթացը շարունակական կլինի, իրենք պատրաստ են կանգնել «Սևան»  ակումբի կողքին։ «Սևան»-ն էլ շատ ուրախ է նման համագործակցության համար։ Մենք մեր ուժի առավելագույն սահմաններում ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս մրցաշրջանի ընթացքում ոչ թե ունենանք առաջընթաց, այլ ունենանք շատ լուրջ առաջընթաց, նկատի ունեմ՝ պայքար մրցանակային տեղերի համար, պայքար գավաթում, մի խոսքով՝ «Սևանը» պայքարելու է բոլոր թիմերի հետ, բոլոր խաղերում։ Մենք դուրս ենք եկել պրեմիեր լիգայում միավորներ վաստակելու, այլ ոչ թե բաժանելու համար, և այդ առումով «Սևան»-ի առաջ կա առաջադրանք՝ պայքարել բոլոր խաղերում, բոլոր մրցակիցների հետ, մենք պատրաստ ենք բոլոր խաղերում ցույց տալ, ֆուտբոլային լեզվով ասած, մեր «ատամները»։ Մենք ձգտելու ենք միմիայն հաղթանակի, մեր հեշթեգը դրա մասին խոսում»,-ասաց նա։

TotoGaming ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանն էլ հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը երկարատև կլինի ու կնպաստի հայկական սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։ «Սա ոչ միայն հովանավորչություն է, այլ՝ համագործակցություն»,-ասաց նա։