ՀԱՊԿ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել. կառույցի հաջորդ նիստը կկայանա Երևանում

13:59 • 16.09.21

ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները երկարաձգվել են երեք տարով:

Բացի այդ, կազմակերպության անդամները, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել հարավային սահմանները պաշտպանելու համար: 

ՀԱՊԿ-ն ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին՝ Երևանում: