Financial Times-ն անդրադարձել է Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարությանը

15:30 • 16.09.21

Financial Times թերթը, հոդվածում վերլուծելով աֆղան փախստականների խնդիրը, անդրադարձել է նաև  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղան փախստականների վերաբերյալ հայտարարություններին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աֆղան փախստականներին չընդունելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել է փախստականների վերաբերյալ երկրի բնակչության վերաբերմունքը, ինչն էլ վատ է անդրադարձել Թուրքիայի իշխող ուժի և առաջնորդի հեղինակության վրա:

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել էր աֆղան փախստականների  խնդրին: Էրդողանը նշել էր, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:

Նա ընդգծել էր նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․ սիրիացի փախստականների ալիքի դեպքում:

Էրդողանը աֆղան փախստականներին չընդունելու վերաբերյալ արել է նաև մի քանի այլ հայտարարություններ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս նախորդ ամիս մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։