«Բոլորիս կյանքը դարձրել է անգույն, հիմա էլ ուզում է գունային հրավառություն անել»․ զոհերի հարազատները բողոքի ակցիա արեցին՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառմանը. ակցիան կշարունակվի վաղը
Բոլորիս կյանքը դարձրել է անգույն, հիմա էլ ուզում է գունային հրավառություն անել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում իրականացվող բողոքի ակցիայի մասնակից, զոհված զինծառայողի ծնող՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կառավարության կողմից նախատեսված միջոցառմանը։
«Փորձում են բոորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ նրանց հիշատակի համար կազմակերպում են գունագեղ տոնախմբություն։ Կարող էին կազմակերպել ինչ ուզում էին, բայց իրենք ծիծաղում են մեզ վրա, իրենք անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են»,-ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Նա անթույլատրելի համարեց այն, ինչ նախատեսվում է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին։
Ինչ վերաբերում է գունագեղ բառի համար Նիկոլ Փաշինյանի ներողությանը, զոհված զինծառայողի հարազատը նշեց՝ նա սովորական քաղաքացի չէ, ով կարող է նման բացթողումներ անել. «Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է, ինչպես կարելի է ամեն անգամ մի բան դուրս տալ, հետո ներողություն խնդրել»:
Զոհված զինծառայողների՝ հրապարակում հավաքված հարազատները նշում էին, որ վաղվանից ավելի մեծ ակցիաներ են իրականացնելու: Նրանք բոլոր մտահոգ քաղաքացիներին կոչ արեցին միանալ։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ վաղը ժամը 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու է բողոքի ակցիան՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին արյան վրա տոնախմբության կազմակերպմանը։
«Անգերեզման տղաներ ունենք, դրա մասին մտածեք»,-ասացին նրանք։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ մենք անկախ չենք, մենք արդեն թուրքից ենք կախված. «Եթե մենք կորցրած չլինեինք հողերը, արժեր տոնել տղաների հաղթանակը, բայց հիմա ոչ տղերքը կան, ոչ էլ հողերը կան»,-ասաց նա։










