Ջոնսոնը ՌԴ-ից պահանջել է արտահանձնել Սկրիպալների թունավորման գործով կասկածյալներին
Լոնդոնը ցանկանում է, որ Ռուսաստանն արտահանձնի Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործով կասկածյալներին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Sky News-ը:
Հայտնի է, որ բրիտանական ոստիկանությունը Սկրիպալների թունավորման համար մեղադրել է նաև երրորդ ռուսաստանցուն: Հետաքննության տվյալներով ՝ ԳՀՎ գեներալ Դենիս Սերգեևը հրաման է տվել ԳՀՎ երկու այլ սպաների:
Թագավորական դատախազությունը նրա դեմ ներկայացրել է նույն մեղադրանքը, ինչ նախորդ երկու կասկածյալներին`սպանության փորձ, ոստիկան Նիկ Բեյլիին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել և քիմիական զենքի կիրառում:
Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, ըստ բրիտանական իշխանությունների, թունավորվել են 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում՝ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով՝ ԳՀՎ սպաների մասնակցությամբ գործողության արդյունքում:
Լոնդոնում ենթադրվում է, որ հարձակումը թույլատրել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը: Բրիտանական կողմը ենթադրյալ թունավորներ է համարում Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին: Մոսկվան հերքում է որևէ առնչություն Սկրիպալների հետ միջադեպին:










