Կորոնավիրուսի՝ 11 470 դրական արձանագրված դեպքերից 286-ն են պատվաստված․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

11:55 • 24.09.21

Երեկ 6221 թեստավորում է արվել, որից դրականը եղել են 906-ը, արձանագրվել է 16 մահ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին վարչապետի խնդրանքով տվյալները ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հայտնեց, որ 18 բժշկական կազմակերպություններում քովիդով պայմանավորված ծավալված են 2156 մահճակալ, որից զբաղված են 2006–ը։ «Մահճակալային կարողությունների 85 տոկոսը ծավալված է  և առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդացություններով ունենք հիվանդության աճ, ուստի լարվածությունը առողջապահական համակարգում բավական մեծ է»,–ասաց նա։

Նախարարը նկատեց, որ օրական պատվաստումների թվի շեշտակի աճ կա, և երեկ իրականացվել է 8440 պատվաստում։

«Այս պահին 11 470 քաղաքացի, որոնք ունեն թեստի դրական պատասխան, և ընդամենը 286-ը, որ պատվաստված են։ Շատ բնական է, նորմալ է, որ պատվաստումը  հարյուր տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակն այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև և ավելի լավ ելք ունենք»,–ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ հոսպիտալացված 2006 քաղաքացիներից 38-ն են պատվաստված, որոնք հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև և հոսպիտալիցված են, քանի որ խրոնիկ այլ խնդիրներ ունեն։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե համադրում ենք թվերը, ստացվում է, որ պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից և 98,5 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի մեկից չպատվաստման դեպքում թեստի հանձնմանը, ինչը լրացուցիչ ծախս է քաղաքացիների վրա, Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց․ «Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, քանի որ այդ մարդիկ դրա անհրաժեշտությունը չունեն, պետությունը հոգում է, որ այդ քաղաքացիները բացարձակապես անվճար ստանան պատվաստում, քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի, թե չանի։ Ավելի քան 300 հազար պատվաստումից մենք չունենք հիշատակման արժանի բարդություն»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամները առաջիններից են եղել, որ պատվաստվել են։ «Եթե անկեղծ լինեմ, ես հիմա մտածում եմ, որ եթե հակամարմինների հետ կապված զգանք, որ նորից կա անհրաժեշտություն, մենք դա անպայման պետք է անենք, պատվաստման ցուցանիշները բավականին ցածր են»,–ասաց նա։ Ամփոփելով՝ նա ասաց, որ մենք եզրային վիճակում ենք և կոչ արեց հակահամաճարակային կանոնները պահպանվեն։

Ի դեպ, եթե քաղաքացին ստացել է պատվաստման առաջին դեղաչափը և դեռ մինչև հոկտեմբերը չի հասցրել երկրորդը ստանալ, ապա  կարիք չունի ներկայացնել թեստ, ինչպես նաև բացառություն են կազմում հղիները և հակացուցումներ ունեցողները։