Հասարակությունը ամեն բան չէ, որ դետալ առ դետալ պետք է իմանա. Սանոսյանը` Արարատի մարզպետի` հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին (տեսանյութ)
Անվտանգային խնդիրները հաշվի առնելով պետք է հրատապ իրականացնենք համայնքների խոշորացման գործընթացը մի պարզ պատճառով` երկար տարիներ սահմանամերձ համայնքները գնալով փոքրաթիվ են դառնում, երիտասարդները դուրս են գալիս այդտեղից և պետք է արագ փոխել այդ համայնքներում միջավայրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վերջինիս խոսքով՝ համայնքների խոշորացումը կնվազեցնի գալիք ՏԻՄ ընտրություններին նախատեսված ֆինանսական ծախսերը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն տեսակետին, որ համայնքների խոշորացման միջոցով իշխանությունները ձգտում են ազատվել իրենց համար ոչ ցանկալի համայնքապետերից, Սանոսյանը նշեց.«Գործող համայնքի ղեկավարը կնշանակվի ԺՊ, թե այլ մարդ, մարզպետի կամ վարչապետի որոշելիքն է։ Թե ով կնշանակվի, այդքան էական չէ»։
Հարցին` որքանով է նպատակահարմար արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը միացնել 35 համայնքների, Սանոսյանը պատասխանեց․ «Գեղամասար համայնքի մեր գործընկերները միշտ դրական են գնահատել համայնքների խոշորացման գործընթացը։ Փորձը ցույց է տալիս, որ համայնքների մեծացումը ավելի լավ է»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իր կողմից Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին ներկայացվել է հրաժարական տալու պահանջ, Սանոսյանը ասաց.
«Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ բազմաթիվ քննարկումներ և հարցեր ենք ունեցել։ Երեք տարի եղել եմ մարզպետ, ինքն էլ եղել է համայնքապետ, հասկանում եք՝ ինչքան հարցեր մենք կարող էինք ունենալ։ Բավական ժամանակ է մենք չենք հանդիպել և խոսել։ 2019 թվականին իրեն ասել եմ, որ ինքը՝ որպես համայնքի ղեկավար, մեծ պարտքեր է կուտակել համայնքում և անգործության համար իրեն կարող են դատել։ Հորդորել եմ կողմնորոշվել՝ կա՛մ զբաղվել բիզնեսով, կա՛մ համայնքի գործունեությամբ։ Հակոբը որոշ բաներ է խոսել, որ պետք է չխոսեր, բայց ես ներողամիտ եմ»։
Հարցին` որն է եղել Արարատի մարզպետի հրաժարականի դիմումը հետ վերցնելու պատճառը, Սանոսյանը պատասխանեց, թե կարիք չկա բացել փակագծերը, և հասարակությունն ամեն ինչ չէ, որ դետալ առ դետալ պետք է իմանա։
Անդրադառնալով նրան, թե համայնքների խոշորացման նախագծից առաջ ինչու չեն իրականացվել հանրային լսումներ, Սանոսյանը ասաց. «Վարչատարածքային բաժանման նախաձեռնությունը և գործընթացի իրականացումը Կառավարության դաշտում է։ Լսումներ եղել են։ Վերջին տասը օրում շատերին ենք լսել 2019 թ-ից ամբողջ Գեղարքունիքի մարզում եղել են քննարկումներ այդ թեմայով։ Դա մի գործառույթ է, որն իրականացվում է Կառավարության կողմից»։
Գնել Սանոսյանը չցանկացավ անդրադառնալ Սյունիքի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի կողմից պարբերաբար արվող հայտարարություններին։










