Սպանություն՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի․ Shamshyan.com

11:24 • 26.09.21

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Փրկարարներն ու ոստիկանները տևական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի դուռը բացեին, քանի որ Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ներսում մարդ կա: Տեսնելով, որ դուռը չեն բացում, փրկարարները ընթերակաների ներկայությամբ բացեցին դուռը, որտեղ հյուրասենյակի հատակին հայտնաբերում են տղամարդու դի:

Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուստամ Մախմուդյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչ ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում դատաբժշկի գլխավորությամբ զննում էին դին, լավ էր, ոստիկանները ճիշտ կողմնորոշվեցին և հենց բնակարանի մեկ այլ սենյակում հայտնաբերեցին սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալին»:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի և Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, որը բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, նրա մարմնի վրա կար սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի վնասվածք:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ․ Քր.Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։